Սայաթ Նովա 10 ⁄ 5 հասցեում՝ նախկին կաթսայատան տարածքում կառուցվող բազմաֆունցիոնալ շենքի հարևանությամբ բնակվող վաստակավոր երաժիշտ, ազգագրագետ, մի շարք համույթների հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, (Սասնո Տղա) ու ևս 150 բնակիչներ քաղաքական ապաստանի խնդրանքով գրություն են ուղարկելու Հայաստանում օտարերկյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, եթե իրենց շենքերի անվտանգությանը սպառնացող եւ իրենց բնակարանների լույսը փակող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը չդադարեցվի:
«Ես դիմելու եմ բոլոր միջազգային փառատոներին, որոնց ես մասնակցել եմ, բոլոր միջազգային դիտորդներին, որ եկել են այստեղ ընտրությունների ժամանակ: Ես բոլոր կառույցներն օգտագործելու եմ ի լուր ամբողջ աշխարհին, որ ինձ կտրում են իմ հող ու ջրից: Ես բարոյական եմ ապրել, բարոյական էլ ապրելու եմ: Չեմ ուզում սարքովի գնամ որոշ մարդկանց նման հանձնվեմ ճամբարներին, ավելի վարկաբեկեմ իմ երկրի նիստն ու կացն ու սովորույթը: Իմ արձագանքի հետ շատերն են ուզում գնան, գնան բարոյական, ոչ թե լքված, փախստականի անվան տակ»,- NEWS.am-ին ասաց սարկավագը:
Բացի այդ Անդրանիկ Մանուկյանը երկրում արդարություն հաստատելու պահանջով ստորագրահավաք է անցկացնում արվեստի գործիչների շրջանում։ Ստորագրությունները դիմումների հետ նա պատրաստվում է ներկայացնել նախագահին, վարչապետին և քաղաքապետին:











