Նոյեմբերի 20-ին՝ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի մահվան տարելիցին, Երեւանի քաղաքային պանթեոնում երգչուհու շիրիմի մոտ էին հավաքվել հարազատներն ու երկրպագուները, վերջինները ընտանիքի թույլտվությամբ կազմակերպել էին մոմավառություն, որին ներկա էին նաև երգչուհու որդին եւ դուստրը։

Մոմավառությունը նախաձեռնող Արտակ Աղաջանյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ իրենք նաեւ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով թույլտվություն՝ Կարապի լճի հարևանությամբ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված երեկո կազմակերպելու համար, որի ընթացքում կհնչեին նաեւ Ֆլորա Մարտիրոսյանի երգերը։ 10 օր անց քաղաքապետարանը մերժել էր՝ պատճառաբանելով, որ այդ վայրում սահադաշտ է կառուցվում:

Երգչուհուն վիրահատած բժշկի դեմ հարուցված քրեական գործի մասին հարազատները հրաժարվեցին խոսել։ Երգչուհու քրոջ որդին՝ Մանուկը, միայն նշեց, որ գործն արդեն դատարանում է և իրենք փաստաբանի խորհրդով այդ մասին չեն խոսում՝ գործին չխանգարելու համար։ Հիշեցնենք, որ թեեւ նախաքննությունն ապացուցված է համարել, որ երգչուհու մահը բժշկի սխալի հետեւանք է, բժիշկը շարունակում է աշխատել: Նա չի ընդունել իր մեղքը։

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել էր 55 տարեկանում, նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի «Գլենդեյլ մեմորիալ» հիվանդանոցում լեղապարկի վիրահատությունից առաջացած բարդության պատճառով։

Նոյեմբերի 23-ին ժամը 1-ին հարազատներն այցելելու են ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի շիրիմին, քանի որ պաշտոնապես այդ օրն է հայտարարված նրա մահվան օրը։