Վանաձորում ստեղծված հայ-շոտլանդական An Gordonach ռոք խումբը նոյեմբերի 19-ին թողարկել է տեսահոլովակ՝ նվիրված Զարուհի Պետրոսյանին, որին 2010թ. դաժան ծեծի ենթարկելով` սպանել էին ամուսինն ու սկեսուրը:
«Երգ գրելու գաղափարը ծնվեց 2011թ. սկզբին, երբ Զարուհու հետ կատարված դեպքն ուղղակի անհետացավ ԶԼՄ-ների տեսադաշտից: Մենք ուզում էինք գրել երգ՝ համոզվելու համար, որ Զարուհու դեպքը չի մոռացվել, չի քողարկվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբի կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոիրը:
Երգն այդ ժամանակ կիսատ մնաց, քանի որ երաժիշտն ստիպված էր մեկնել Հայաստանից: Սակայն 2012թ., լսելով ընտանեկան բռնության մեկ այլ զոհի՝ Մարիամ Գևորգյանի հետ կատարված դեպքի մասին, որոշել է, որ երգը պետք է անպայման ավարտին հասցնի:
«Երգը պետք է տարբերվող լիներ և գրավեր մարդկանց ուշադրությունը և ազդեցություն գործեր: Մեզ հաջողվեց կապ հաստատել իրանցի երաժիշտ Ասսադուքի հետ, որն էլ օգնեց մեզ ավարտել երգը»,- պատմեց Ստյուարտը:
Ստյուարտն ու իր ընկերներն ուզում էին «Զարուհի» երգի համար ստեղծել այնպիսի տեսահոլովակ, որը կցնցեր դիտողին, կստիպեր նրան մտածել կանանց նկատմամբ բռնության մասին: «Զարուհին» սովորական երաժշտական տեսահոլովակ չէ: Խմբի անդամներն այստեղ չեն երևում: Սա մեր մասին չէ: Մենք նպատակ չունենք մեզ գովազդելու: Այս կերպ իրազեկությունն ենք բարձրացնում»,- ասաց մտահղացման հեղինակը:
Տեսահոլովակի հեղինակը վանաձորցի Րաֆֆի Ղազարյանն է, իսկ հերոսները՝ երիտասարդ դերասաններ Վահե Մխիթարյանն ու Անի Հովհաննիսյանը։ Տեսահոլովակը պատմում է 20-ամյա նորահարսի հետ պատահած դժբախտության մասին` ահազանգելով հանրությանը, որ բռնության կարող է ենթարկվել յուրաքանչյուրը:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել էր Մասիսի բնակիչ 19-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը ձերբակալվել էր նրա ամուսինը` Յանիս Սարկիսովը: 2011թ. հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սարկիսովին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) մեղավոր է ճանաչել ու դատապարտել հոդվածով նախատեսված առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման:











