Նոյեմբերի 21-ին կառավարության շենքի առջեւ հավաքվել են անսովոր մեծ թվով ոստիկաններ, մի մասը՝ քաղաքացիական հագուստով, շենքի հետեւի մուտքը շրջափակել են կարմիր բերետավորները։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարության առջեւ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանների այսպիսի աննախադեպ ներկայությունը կառավարության մոտ, Վալերի Օիպյանը պատասխանել է. «Եկել են հասարակական կարգը պահպանելու եւ կանխարգելիչ աշխատանքների համար»։ Հարցին, թե ինչու մյուս օրերին այսպիսի մեծ թվով ոստիկաններ չեն եղել, փոխոստիկանապետը պատասխանել է, որ ակցիաներին միշտ էլ համաչափ է եղել ոստիկանների ներկայությունը։
Թեեւ կառավարության առջեւ հավաքվել են նույն այն քաղաքացիները, որոնք այստեղ գալիս են ամեն հինգշաբթի՝ իրենց բողոքը ներկայացնելու գործադիրի անդամներին, ոստիկանական աննախադեպ ներկայությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ ժամը 12։00-ին կայանալիք բողոքի ակցիայով։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ այս օրենքի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել էին խորհրդարանի առջեւ։ Բազմամարդ ակցիայի առանձնահատկությունն այն էր, որ առաջին անգամ փողոց էին դուրս եկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները։











