Կառավարության առջեւ մեկնարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան, որին մասնակցում են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները, նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, քաղաքացիական ակտիվիստներ։

Ոստիկանները երեք շարքով շղթա կազմած փակել են կառավարության մուտքը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ոստիկանների թիվը նոյեմբերի 21-ին կառավարության առջեւ աննախադեպ մեծ է։ Երեւանի փոխոստիկանապետն այս հանգամանքը բացատրել էր կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությամբ եւ վստահեցրել, որ ոստիկանների թիվը համաչափ է։

Ցուցարարներն իրենց հետ բերել են գունավոր փուչիկներ, որոնց վրա գրված է 10%։ Փուչիկները օդ են բաց թողնում, ինչը խորհրդանշում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետեւանքով իրենց ցնդող աշխատավարձերը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարության աստիճանների կանգնած՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը երկար ժամանակ վարանում էր մոտենալ ակտիվիստներին, սակայն պատասխանել է լրագրողների հարցերին։ Կառավարության պաշտոնյան ասել է, որ կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ոչ մի բացասական բան չկա, եւ այն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից։

Լրագրողների պնդմամբ՝ Ալեքսանդր Ղազարյանը, այնուամենայնիվ, մոտեցավ ակտիվիստներին, սակայն, ըստ էության ոչինչ չասաց։ Նա խնդրեց, որ բողոքողներն իրենց պահանջը ներկայացնեն գրավոր դիմումով, բայց երբ ցուցարարները պահանջեցին տեղում բանավոր պատասխանել իրենց հարցերին, նա ոչինչ չասաց, պարզապես շրջվեց ու հեռացավ, ինչին ցուցարարները արձագանքեցին «վախկոտ, վախկոտ» վանկարկումներով։