Կառավարության առջև ՀՀԿ տատիկի և Հյուսիսային պողոտայի նախկի բնակիչ Մարիամ Գիշյանի լեզվակռվից վրդովված Գիշյանին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և խնդրեց հանգստանալ: «Բոլորդ իմ դուշմաններն եք»,-ասաց Մարիամ Գիշյանը, ինչին փոխոստիկանապետը պատասխանեց, որ նման բան չկա, եւ որ Գիշյանը հատուկ է իրեն այդպես պահում տեսախցիկների առջեւ։
«Դուք տեսնում եք, որտեղ ոստիկաններ կան, հատուկ գալիս կանգնում եք»,- կնոջն ասաց Օսիպյանը։
Քիչ անց Օսիպյանը վեճի բռնվեց մեկ այլ քաղաքացու հետ, որն ուզում էր հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդքան մեծ թվով ոստիկանների ներկայությունը կառավարության մոտ։
Երեւանի փոխոստիկանապետը բացատրեց, որ ոստիկաններն իրենց գործն են անում, եւ պարտադիր չէ, որ իրարանցում լինի, որպեսզի ոստիկանությունը պահպանի հասարակական կարգը։
«Եթե դուք ձեր պարտականությունը կատարեիք, հիմա Շանթ Հարությունյանը բանտում չէր լինի, ընդեղից էլ էդ մարդին չէին տանի հոգեբուժարան։ Ուրեմն դուք ձեր ասած այ էդ խնդիրը չեք կարողանում կատարել»։
Փոխոստիկանապետի հետ վիճող քաղաքացին ներկայացավ որպես ոստիկանության նախկին մայոր Անդրանիկ Դեմիրճյան։ Նա նշեց, որ արդեն երկու տարի ապարդյուն փորձում է հանդիպել ՀՀ ոստիկանապետի հետ՝ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ կապված հարցով, սակայն ոստիկանապետը, նրա խոսքով, քաղաքացիներին չի ընդունում նույնիսկ ընդունելության օրերին։











