«Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցները նոյեմբերի 21-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀԷՑ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով ռուսաստանցի տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը:

Աշխատակիցների խոսքով՝ տնօրենն առանց իրենց հետ խորհրդակցելու որոշում է կայացրել Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը փակել, պարտականությունները ցրել մասնաճյուղերի վրա, ինչի հետեւանքով 41 աշխատակից կդառնա գործազուրկ։  Աշխատակիցները պահանջում էին գլխավոր տնօրենի և ֆինանսական գծով տնօրենի հրաժարականը:

«Ասում են՝ օպտիմալացում։ Բայց ո՞րն է օպտիմալացումը, երբ մասնաճյուղը քանդեցին վերածեցին դեպարտամենտի, հիմա էլ դեպարտամենտից հետո էլ ամբողջ աշխատակազմը ցրում են, որովհետեւ պետք չեն: Օպտիմալացումը, ո՞րն է:  Նման կոլեկտիվը՝ հսկա աշխատանք կատարողները, եթե պետք է գնան, ովքե՞ր են կատարելու այդ աշխատանքները՝ մեկ-երկու հոգի»,- լրագրողներին ասաց Էլեկտրացանցերի աշխատակից Կարինե Մելքոնյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ ռուս տնօրենն արդեն երեք տարի   ղեկավարում է, բայց անգամ մեկ անգամ չի փորձել այցելել դեպարտամենտի աշխատակիցներին:  

«Ուրբաթ՝ ժամը 3-ին կանչել են ու միանգամից ասել, որ դուք չեք աշխատում: Ամենալավ աշխատող ու ամենաշահութաբեր դեպարտամենտը ցրում են այն մասնաճյուղերի վրա, որոնք պարտքերի մեջ խրված են, այնտեղ կորուստները կիջնեն ու ցույց կտան, որ վիճակը բարելավել է։ Բիբինը դա արհեստական անում է, որ Մոսկվային ցույց տա, որ ինքը աշխատում է»,- ասաց դեպարտամենտի պետ Րաֆֆի Ասկանյանը։

Գլխավոր տնօրեն Բիբինը դուրս եկավ, զրուցեց աշխատողների հետ՝ նշելով, որ ինքը  գիտի յուրաքանչյուրի խնդիրը, և որ ոչ ոք աշխատանքից չի զրկվի։ Բիբինը աշխատողներին հորդորեց անցնել իրենց աշխատանքին՝ խոստանալով երկու շաբաթ անց քննարկել դեպարտամենտը ցրելու հարցը:

Դեպարտամենտի աշխատակիցներն ասացին, որ չեն հավատում նրան։

«Մեկ ամիս հետո նորից հանելու ա։ Խաբում են, սպասում են Ռուսաստանի նախագահը գա Հայաստան, գնա, որ մենք ոչ մի բան չանենք, նոր հարցերը լուծեն։ Ռուսաստանից եկել ա, մեր հայերին առ ա համարում»,- դժգոհեց ՀԷՑ-ի լուծարված դեպարտամենտի աշխատակիցներից մեկը։

Բողոքավորները հեռացան՝ որոշելով վաղը նույն ժամին հավաքվել նույն տեղում ու այդպես ամեն օր, մինչեւ իրենց հարցին լուծում տրվի։