Եթե Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությունը չբավարարվի, ուրեմն դատարանին դրա մասին ուղղակի հրահանգել են: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին ասաց  Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, որը եկել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ՝ աջակցելու Վարդան Պետրոսյանին, որի խափանման միջոց կալանքը փոխելու  միջնորդությունը դռնփակ նիստում քննարկում է դատարանը։

«Ես եկել եմ առաջին հերթին ցույց տալու, որ ես տեր եմ իմ ստորագրությանը, կենդանի ձեւով ցույց տալու, որ դատավորը կարող է չկասկածել, որ մենք շարունակում ենք երաշխավոր լինել Վարդան Պետրոսյանի համար»,- ասաց Ստոյպա Սաֆարյանը:

«Ժառանգության» անդամը ընդգծեց, որ դատարանն այսօր իր հանդեպ վստահությունը ինչ-որ չափով վերականգնելու հնարավորություն ունի. «Դատական համակարգի հանդեպ իսպառ բացակայում է հավատը, շատ շատերն են կորցրել այն հույսը, որ կարող է արդարադատություն իրականացվել: Եթե դատարանը իսկապես ուզում է գոնե այսօր ապացուցել իր անաչառությունը եւ հավատարմությունը արդարադատության սկզբունքներին, նաեւ իր գործառույթներին, ապա, ես կարծում եմ, մեր այսօրվա այստեղ ներկայությունը որպես Վարդան Պետրոսյանի երաշխավորներ, առնվազն բավարար է նրան, որ փոխի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am