ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է, եւ 18 անց 10 կհրապարակի դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։  Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ իր տպավորությամբ դատարանը հակված է կալանքից ազատել իր պաշտպանյալին։

«Դատական նիստի ժամանակ ներկայացվեց, որ առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրել է խափանման միջոց կալանքը եւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որեւէ հիմք չէր մատնանշել։ Անձին կալանավորելու համար պետք է հիմնավոր կասկած եւ Քրեական դատավարության օրենսգրրի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերից գոնե մեկի առկայությունը։ Այսինքն՝ մարդը կթաքնվի, կխոչընդոտի։ Դատական նիստի ժամանակ հնչեցին հարցադրումներ դատախազին, թե ո՞ր հիմքով են կալանավորել անձին, դատախազը որեւէ հիմք չկարողացավ ներկայացնել, ասեց ուղղակի, որ դատարանի որոշումն օրինական է, եւ այլեւս ոչ մի բան չներկայացրեց։ Դատական նիստի ժամանակ դատարանը պահանջեց, որպեսզի ներկայացվեն երաշխավորական նամակները, որ ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին, բոլոր նամակները ներկայացվեցին դատարանին, դատարանը ծանոթացավ դրանց, դա մոտ 2000 էջանոց փաստաթուղթ էր, որտեղ կար 10 հազարից ավելի ստորագրություն։ Դատարանը հարցադրում արեց՝ դուք ստռուգե՞լ եք, ասվեց՝ այո, ստուգվել է, որ այդ նամակներն իրականում ներակայացվել են այդ անձանց կողմից»,- ասաց փաստաբանը։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, բազմաթիվ քաղաքացիներ էլ նամակ էին ուղարկել հենց դատարանին՝ Վարդան Պետրոսյանի կալանքը վերացնելու խնդրանքով։

Քննիչն ու փաստաբանը դատարանին իրենց դիրքորոշումներն են ներկայացրել այն մասին, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, սակայն կողմերն առայժմ ձեռնպահ կմնան հանրությանը մանրամասները ներկայացնելուց, որպեսզի որեւէ կողմի դա չվնասի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից սրտի հետ կապված գանգատների պատճառով։