«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նոյեմբերի 22-ին ՀՀ Վարչական դատարան ներկայացրին 5130 ստորագրություն` պահանջելով, որ գազի և էլեկտրաէներգիայի «ապօրինի» թանկացման դեմ հայցն ընթանա հրապարակային նիստերով, իսկ ստորագրած քաղաքացիները հանդես գան որպես 3-րդ կողմ:
«Մեկ շաբաթվա ընթացքում մոտ 12 000 ստորագրություն է հավաքվել: Այսօր 5130 քաղաքացու ստորագրությունը հանձնում ենք դատարան՝ որպես ապացույց այն բանի, որ այս հարցն ունի հանրային հնչեղություն: Եթե էլեկտրացանցն ու «ՀայՌուսգազարդը» կարող են լինել երրորդ կողմ, ապա յուրաքանչյուր քաղաքացի նույնպես կարող է գալ և հանդես գալ` որպես երրորդ կողմ»,- լրագրողներին ասաց ակտիվիստ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով` իրենք երեկ նամակ են ստացել ՀՀ վարչական դատարանից, որում ասվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգարդ» ՓԲԸ-ն ընդգրկվել են որպես երրորդ անձ։
Հիշեցնենք, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ստորագրահավաքը տեղի է ունենում Ազատության հրապարակում ամեն օր 12:00-20:00 և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: Ակտիվիստները նախատեսում են ստորագրահավաքներ կազմակերպել նաեւ Երևանից դուրս:











