«Շիրակ կենտրոնը» շուրջ մեկ ամիս է՝ վառելափայտ է բաժանում Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթեւան եւ սուղ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:
Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի պատրաստմամբ եւ հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր: Բնականաբար, անապահով ընտանիքներին միայն հագուստ, կոշիկ ու վառելափայտ տրամադրելով հնարավոր չէ հոգալ նրանց գոնե առաջնահերթ կարիքները: Առավել եւս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից:
Այնուամենայնիվ, «Շիրակ կենտրոնը», հիմնականում արտերկրի մեր հայրենակիցների եւ հիմնադրամների աջակցությամբ, փորձում է ձմռան շեմին մի փոքր մեղմել սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքների վիճակը: Վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկը հնարավոր է դարձել իրականացնել Կանադայի «Գոլոլեան հիմնադրամի» աջակցությամբ:











