Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության առաջին հանրահավաքին նոյեմբերի 24-ին կուսակցության ղեկավար Անի Զախարյանը կառավարությանը վեց ամիս ժամանակ տվեց՝ նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները 100.000 դրամ դարձնելու և բոլոր իրավական խնդիրները լուծելու` «քաղբանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին ազատելու համար», հակառակ դեպքում ստորագրահավաք կսկսի և կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Թեեւ Անի Զախարյանը հայտարարել էր, որ սա կուսակցության առաջին հանրահավաքն է, նրան ունկնդրող սակավաթիվ մարդիկ միայն կանգառում հավաքվածներն էին: Բայց Անի Զախարյանը չընկճվեց ու ներկայացրեց իր անելիքները:

Նա կոչ արեց, որ մյուս հանրահավաքին յուրաքանչյուրն իր հետ բերի 5-10 հոգի: Նրա խոսքով, բոլոր կուսակցություններն էլ իրենց ճանապարհը սկսում են 4,5 կամ 10 մարդկանցով. «Երբեք իսկական հաղթանակի գնացող մարդը չի հիասթափվում ոչնչից, չի գլուխ խոնարհում, չի վախենում փոքր քանակներից: Անգամ մենք գիտենք մեր պատմությունից, որ 10 հոգանոց զինվորներով ինչ հաղթանակ են տարել: Մենք ունեցել ենք Գարեգին Նժդեհ, ունեցել ենք Վարդան Մամիկոնյան, մենք ունեցել ենք Անդրանիկ: Հիմա դուք ունեք Անի Զախարյան»,- հանրահավաքին հայտարարեց նա: