ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները պատրաստում են եռաչափ պրինտեր, որը տպում է մինչեւ 20 սմ հենման մակերեսով եւ 20 սմ բարձրությամբ ցանկացած ձեւի պլաստմասե առարկաներ եւ դետալներ, նաեւ վերարտադրում եռաչափ պրինտերի դետալները։

Առաջին պրինտերը բերել են արտասահմանից, պատանիները ուսումնասիրել են այն ու այժմ իրենք են պատրաստում եռաչափ տպիչ սարք։ Պատանիները նաեւ ուսումնասիրում են «Ռայնո» ծրագիրը, որով մոդելավորում են դետալները, ապա տպում եռաչափ պրինտերներով. «Գրեթե ցանկացած դետալ կարելի է տպել, որը չափերով շատ մեծ չէ, հարթակի չափերը չի գերազանցում և տակն ունի հարթակ: Եթե թեք լինի, եռաչափ պրինտերը չի տպի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց պրինտերների վերարտադրման դասընթացի ղեկավար Սերգեյ Իսախանյանը:

3D պրինտերը բոլոր դետալները տպում է նույն արագությամբ: Ծրագիրն այնպես է ստեղծված, որ համակարգչով հնարավոր է հետեւել տպելու ամբողջ գործընթացին։