Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են սկսում ամբիոնի աշխատակցուհի, Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով:

«Մենք չենք ցանկանում, որ մեր ֆակուլտետն ունենա նման աշխատակից: Ինքը հանդես է եկել կոչերով, որոնց հետ մենք համաձայն չենք: Վերջերս նաև քաղաքական թռուցիկներ է բաժանել ֆակուլտետում: Մենք ամաչում ենք, որ նման մարդ է աշխատում մեր ֆակուլտետում: Դրա համար ստորագրահավաք ենք անցկացնելու, որով ցույց կտանք, որ իր հայտարարությունների հետ համաձայն չենք»,- NEWS.am-ին ասաց ֆակուլտետի ՈւԽ նախագահ Աստղիկ Աբրահամյանը:

Ուսանողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ իրեն դասավանդում է Անի Զախարյանը, որը  դասապրոցեսի ժամանակ աղջիկներին ազատ սեռական հարաբերություններ է քարոզում։

«Գալիս նստում է մեր աղջիկների կողքին ու սկսում է համոզել: Բայց դե ոչ մեկն էլ իրեն չի լսում: Ինքը շիզոֆրենիայով է հիվանդ»,- ասաց երիտասարդը։

Ասածն ապացուցելու համար նա NEWS.am-ին ուղեկցեց լաբորատորիա եւ ցույց տվեց Անի Զախարյանի գրասեղանի վերևում փակցված՝ նրա լուսանկարով օրացույցը։