Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 շենքից ընկած տղամարդն այդ շենքի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին շենքի բնակիչները:
«85 թվից էստեղ եմ ապրում, ոնց էլ չլինի, էս տերիտորիայի մարդկանց ճանաչում եմ, բայց էս ցած նետված մարդուն առաջին անգամ էի տեսնում, հաստատ մեր կողմերից չի»,- ասաց տարեց բնակիչներից մեկը:
Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, ժամը 07:00-08:00-ի սահմաններում: Տղամարդը գլխի վրա ընկել է հենց մուտքի առջեւ: «Երեխաս առավոտյան 7-ին գնացել ա գործի, չի տեսել, իսկ ես 8-ին 10 պակաս դուրս եկա, տեսա մեր շենքի մուտքի առաջ ընկած էր: Դեմքը տեսա, այլանդակված չէր: Հաստատ մեր շենքից չէր»,- պատմեց հարեւաններից մյուսը:
Շտապօգնության աշխատակիցները քիչ առաջ տարել են տղամարդու դին, իսկ ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել տարածքը, հարցաքննել են երկու շենքերի բոլոր բնակիչներին. «Բոլորի տներով հերթով մտել, հարցաքննել են, սակայն ոչ մեկն էլ չի ասել, թե ում հյուրն է եղել: Երեւի վախենում են»:
Դեպքի վայրում աշխատող ոստիկանները հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել:
Այս պահին մուտքի առջեւ թափված արյունը դեռ չի մաքրվել, իսկ տղամարդու ուղեղը հենց աստիճանների վրա է. բնակիչներն ահաբեկված անցնում են այդ տարածքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 եւ 20/2 շենքերի միջեւում դիակ կար, տարածքում հավաքվել էին մեծաթիվ բնակիչներ եւ ոստիկաններ: Ոստիկանները առանձնացրել էին տարածքը՝ քննչական գործողություններ անցկացնելու նպատակով, իսկ դիակը անմիջապես շենքի մուտքի մոտ էր՝ ծածկված կապույտ տոպրակով:











