Եռաբլուրում պառկած տղաները մարտնչել են անկախության համար, ոչ թե Ռուսաստանին միանալու: Այս մասին NEWS.am-ին ասաց «Խաչակիր» ՀԿ նախագահ, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:

«Մաքսային միության մեջ մտնելը Հայաստանի համար կնշանակի վերջնականապես կորցնել ինքնուրույնությունը, պետականությունը, որովհետև մենք գիտենք Ռուսաստանի կայսրության աշխատելու ոճը իր գործընկերների հետ, դա միայն արյուն է»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով` հայերը չեն մոռացել,  1920թ. Կարսի պայմանագիրը, երբ փոխանցվեցին Ղարսը, Նախիջևանը, Ղարաբաղը, Ջավախքը: «Մենք չենք մոռացել 1936-37թթ մեր 1300 մտավորականների և օֆիցերների ձերբակալումը և ոչնչացումը, չենք մոռացել աքսորները, չենք մոռացել այն, որ մեր եկեղեցիները գոմ էին սարքում: Նաև նորագույն պատմության մեջ չենք մոռացել «Կոլցո» օպերացիան, երբ ռուսական զորքերը հայկական գյուղեր էին բնաջնջում, մենք չենք մոռացել Սումգայիթը, երբ լկտիաբար հայտարարում էին, թե իբր 3 օր ուշացել են»,- NEWS.am-ին ասաց Գագիկ Սարուխանյանը:

 Նա ցավով նշեց, որ Հայաստանի քաղաքացիների 23 տոկոսը կողմ է Մաքսային միությանը միանալուն. «Նույնիսկ եթե դա լիներ 10 հոգի, իմ համար դա սարսափ կլիներ. ոնց կարող եմ ես դահիճի հետ ընկերանալ»:

Սարուխանյանի խոսքով՝ օրական 2-4 դիակ է գալիս Ռուսաստանից, ոչ թե իրենց մահով մահացած, այլ սպանված, բայց Եվրոպայում ապրող 2 միլիոն հայերից ոչ մի դիակ չի եկել։

Նախախորհրդարանի անդամը նաեւ նշեց, որ աշխարհում նման նախադեպ չկա, երբ մի երկիրը ռազմավարական ամենամոտ դաշնակցին գազն ամենաբարձր գնով է վաճառում : «Մենք միակ նախադեպն ենք, որ ռուսական զորքը Հայաստանում է, և ոչ մի բան չի վճարում, ոնց ուզում օգտագործում են, ինչ ուզում անում են... Էդքան դուխ չունե՞ս ախպեր ջան, էդ աթոռդ հո պապական չի տված, հրաժարական տուր, դուրս արի, գոնե դրանով ազգի դեմ մի միավոր կվաստակես, որ շատ խիստ չդատեն»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանի կոչ արեց այն ուժերին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայով, նոյեմբերի 29-ին ներկա լինել Ազատության հրապարակում Մաքսային միության դեմ կազմակերպված հանրահավաքին:

Սարուխանյանը դիմեց այն մարդկանց, որոնք թյուրիմացաբար կարծում են, թե Մաքսային միությունը տնտեսական միություն է. «Վաղը, մյուս օրը դու ինքուրույն դատարան չես կարող ունենալ, սեփական սահմանադրություն չես ունենա, որովհետև Մաքսային միությունը որոշակի բաներ է պարտադրելու, որը համահունչ չէ քո սահմանադրությանը, և սահմանդրությունը մնալու է որպես թղթի կտոր»: