Դեկտեբերի 2-ին Մաքսային միության դեմ կազմակերպած բողոքի երթի նախաձեռնողներն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենք կողջունեն Սերժ Սարգսյանին, եթե նա ներողություն խնդրի ժողովրդից, չեղյալ համարի բոլոր պայմանագրերը, որ կնքել է Մաքսային միության շրջանակում։

Դեկտեմբերի 2-ի ոստիկանների գործողությունները «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը որակեց անօրինական. «Ոստիկանները մեր երթը թե՛ Հյուսիսային պողոտայում, թե՛ Ամիրյանում, թե՛ Նալբանդյանում ապօրինաբար կանգնեցրին: Մենք ունեինք շտապ հավաքի մասին փաստաթուղթ, և ոստիկանները պարտավոր էին օրինական կերպով ուղեկցել մեր երթը, սակայն իրենք իրենց պարտավորությունները չկատարեցին: Ավելին՝ ընթացքում ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը մի քանի անգամ խոստացավ չխոչընդոտել երթը, բայց իր խոստմանը նա ևս տեր չկանգնեց: Իսկ Նալբանդյան փողոցում տեղի ունեցածը գագաթնակետն էր, քանի որ ոստիկանական մեծ մեքենաներով զանգվածային առևանգումներ և ձերբակալություններ տեղի ունեցան»:

Ակտիվիստները պատմեցին, որ բերման ենթարկելիս իրենց ընկերներից շատերի նկատմամբ ոստիկանները բռնի ուժ են գործադրել: Վաղ առավոտից երթի կազմակերպիչներին ոստիկանության բաժիններ տանելը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի բնութագրմամբ այն ծրագրի մի մասն էր, որով ոստիկանները պետք է թույլ չտային միջոցառման կայացումը։ «Ոստիկանները երթը կաթվածահար անելու հստակ կարգադրություն ունեին, ինչը նրանց որոշ չափով հաջողվեց»,- նշեցՆարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ իրենց նախաձեռնությունը գլխավորապես ստեղծված է հասարակության հետ աշխատելու և ապացուցելու համար, որ հասարակությունը ևս չի ցանկանում, որ Հայաստանը Մաքսային միության մաս կազմի:

Ակտիվիստները նշեցին, որ իրենց թիրախը Մաքսային միությանը կողմ և դեպի Մաքսային միություն տանող բոլոր ուժերն են, ոչ միայն Սերժ Սարգսյանը: