Դեկտեմբերի 4-ին «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Փակ շուկայի» սեյսմիկ անվտանգությունը ստուգելու խնդրանքով նամակ ուղարկեցին ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Կարո Եղնուկյանը NEWS.am-ին ասաց, որ իրենք նոյեմբերի 28-ին ԶԼՄ-ների միջոցով բաց նամակ էին ուղղել ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն պատասխան չեն ստացել: «Իրենք այս 6 օրվա ընթացքում չեն արձագանքել այդ բաց նամակին, հետևաբար մենք այսօր հարկ գտանք, որ փոստով ուղարկենք իրենց այդ նույն նամակը»,-ասաց Կարո Եղնուկյանը:
Եղնուկյանը հիշեցրեց, որ «Փակ շուկան» մինչև «Երևան Սիթիի» դառնալը համարվել է երրորդ կարգի վթարային: «Մշակույթի նախարարությունը երբ շինարարության թույլտվություն է տվել, նույնպես նշել է , որ պիտի վթարային վիճակը փոխվի և այնտեղ կոնկրետ բաներ պետք է արվեին, բայց քանի որ այս ամբողջ շինարարության ընթացքը գաղտնի է եղել, հանրությունն անտեղյակ է եղել, թե ինչ է կատարվում, իսկ պատկան մարմինները, որոնք պետք է հետևեին այդ գործին, որևիցե հայտարարւթյուն չեն արել: Պատճառն այն էր, որ չկար հաստատված նախագիծ, թե ինչ պետք է արվեր»,- NEWS.am-ին ասաց Կարո Եղնուկյանը:
Նրա խոսքով` հանրությունը տեղյակ չի, թե ինչ է կատարվել այդ շինությունում վթարային վիճակը վերացնելու համար: Եղնուկյանն ասաց, որ իրենց մտահոգությունը մեծացել է հատկապես Ռիգայում սուպերմարկետի փլուզվելու դեպքից հետո. «Ռիգայում սուպերմարկետի փլուզվելուց 50-ից ավել մարդ զոհվեց և վարչապետը հրաժարական տվեց: Մենք չենք ուզում, որպեսզի մեր վարչապետը հրաժարական տա, Աստված չանի, եթե նույն բանը մեզ մոտ կատարվի»:
Նրանք պահանջում են, որ ԱԻՆ-ը, որը զբաղվում է շինությունների անվտանգության խնդիրներով, հետաքննի և պարզի՝ շինության վթարային վիճակը վերացվել է, թե ոչ: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ավելացրեց, որ իրենց ձեռքում են հայտնվել նկուղային հարկի վերակառուցման լուսապատկերներ, որոնք կասկած են հարուցել՝ արդյոք շինարարության ընթացքում ապահովել են սեյսմակայունության նորմերը, թե ոչ. «Հիմքերը շատ տեղերում խախտված են և չի ընկալվում, թե հիմքի որ մասն է նոր շենքի տակ և որ մասն է հին շենքի տակ»:
Ճարտարապետը նշեց, որ «Փակ շուկայի» սեփականատերը, օգտվելով սեփականատիրության անձեռնմխելիության իրավունքից, ժամանակին որևէ մեկին չի թույլատրել, որ շինարարությունը վերահսկեն:











