Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը հարվածում է մեր ազգային արժեհամակարգին, երիտասարդների ապագա բոլոր ծրագրերին և մղելու է արտագաղթի: Այս մասին դեկտեմբերի 4-ին, օրենքը մեկ տարով հետաձգելու չորս խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ) առաջարկի քվեարկության տապալումից հետո, ԱԺ դարպասների մոտ հավաքված՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիներին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները նիստից հետո մոտեցան Կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարող քաղաքացիներին և հորդորեցին չհանձնվել ու պայքարել:

«Խորհրդարանում մեծամասնություն կազմող պատգամավորներն արհամարհեցին սեփական ժողովրդին, սակայն մենք նահանջ չենք արձանագրելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ «ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցուցարարներին խոստացավ վաղը տալ այն պատգամավորների անունները, որոնք դեմ են քվեարկել կուտակային կենսաթոշակների մասին օրենքը 1 տարով հետաձգելուն. «Բոլոր թանաչիների, բոլոր գողերի, բոլոր գողերի պաշտպանների անունները, որոնք դեմ քվեարկեցին էս մարդասիրական, արգումենտավորված նախագծին։ Դուք կծանոթանաք այդ ցուցակին, ցույց կտաք ձեր վերաբերմունքը ձեր թաղերում, ձեր համայնքներում, էդ մարդկանց քթին կխփեք, թքեք այդ մարդկանց ճակատին»:

ԱԺ «ԲՀԿ» խմբակցությամբ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ակնհայտ է եղել կառավարության տոտալ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա։

Պատգամավորները տեղեկացրին, որ խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան՝ օրենքի հակասահմանադրականությունն ապացուցելու համար: Նրանց այս նախաձեռնությանը միացել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչի մասին ՄԻՊ իրավական վարչության պետ Արամ Վարդեւանյանը ցուցարարներին տեղեկացրեց ՄԻՊ գրասենյակի մոտ, ուր երթի մասնակիցները գնացել էին պատգամավորների հորդորով։

Նախապես երթը որոշել էին ավարտել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, սակայն կառավարության շենքի մոտ ցուցարարների ծրագրերը փոխվեցին։ «Մի քանի օրից մեծ հանրահավաք է լինելու, որին մասնակցելու են բոլոր այն մարդիկ, ովքեր տուժում են այս օրենքից»,- հայտարարեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Հայկ Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ ակցիան ավարտվում է։

Կառավարության շենքի մոտ ցուցարարներին դիմավորեցին 3 շարք կազմած ոստիկաններ, որոնք նույնիսկ լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ շենքի աստիճաններին: Ցուցարարները մի քնաի րոպե կանգնեցին շենքի մոտ՝ սուլելով ու վանկարկելով «վախկոտ», «ամոթ» եւ ավարտեցին ակցիան։