«Նախ՝ ոչ ոք չի կարող անարդարացիորեն վիրավորել ինձ: Երկրորդ՝ այն, ինչ ցանկանում էի ասել, ասել եմ նիստերի դահլիճում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական նիստին:

Նշենք, որ խորհրդարանական նիստի ժամանակ, երբ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանին «արա»-ով է դիմել, Փաշինյանը նրան պատասխանել է. «Արա-ն դու ու քո շեֆն եք»:

Իր հերթին փոխխոսնակը լրագրողների հետ զրույցում նշել է, որ զկբում ինքը փորձել է ուշադրություն չդարձնել Փաշինյանի ռեպլիկներին, սակայն խորհրդարանը, իշխող կուսակցության ներկայացուցչի կարծիքով, եւս հանդիսանում է քաղաքական կրքերի դրսեւորման վայր եւ երբեմն պատգամավորները չեն կարող խուսափել դրանից: Նա միեւնույն ժամանակ ասել է, որ չի կիսում այն կարծիքը, որ իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են ստիպել ընդդիմության լռել ու այդ պատճառով հաճախ անջատում են ընդդիմադիր պատգամավորների խոսափողները. «Հակառակը, մենք խրախուսում ենք ու բարձր ենք գնահատում ընդդիմադիրների իրավունքը՝ կարծիք արտահայտելու: Սակայն երբ գործընկերդ խոսում է, մյուս բոլորը պետք է կուլտուրա ունենան ու լսեն»:

Շարմազանովի խոսքով՝ իրենց լեզվակռվում տղայական վարքագծի տարրեր չկային, պարզապես կրքերը մի քիչ բորբոքվել էին: Ինչ վերաբերում է նրան, որ ինքը մատով սպառնացել է Փաշինյանին, Շարմազանովը ընդգծել է, որ դա նրա վարքին ադեկվատ պատասխան էր. «Ես, համենայնդեպս, նպատակ չունեի որեւէ մեկին վիրավորելու, դա ադեկվատ վարք էր, գուցե՝ մի փոքր հուզական»: