Դեկտեմբերի 2-ին Մաքսային միության դեմ կազմակերպած երթի ժամանակ ոստիկանները ֆիզիկական բռնություն են կիրառել Վարդգես Գասպարիի նկատմամբ` բերման ենթարկելու ընթացքում: Այս մասին NEWS.am-ին ասաց Վարդգես Գասպարին: «Անձամբ իմ հանդեպ կիրառվել է բռնություն, մոտ 30-40 մետր ձեռնաշղթաները խիստ պինդ հագցրած ինձ քարշ են տվել, որի հետքերը մինչև վրա մարմնիս վրա առկա են»,-ասաց Գասպարին՝ ավելացնելով, որ ոստիկանությունը ուղղակի անցել է Մաքսային միության կամ բռնապետական երկրների մեթոդներին:
Նրա խոսքով` չնայած ուժեղ ցավերին, ոստիկանությունում իրեն ևս երկու ժամ պահել են ձեռնաշղթաները հագցրած, իսկ ոստիկանները հեգնել են՝ ասելով, որ «ռուսական ոստիկանների ձեռքն ընկնես, ի՞նչ կանես»:
Գասպարիի կարծիքով՝ քաղաքացիական հասարակությունն այժմ ավելի լավ է դրսևորում իրեն, քան մի քանի տարի առաջ. «2008-ից առաջ տղամարդիկ ամոթ էին համարում, որ պաստառ պահեն իրենց ձեռքը, դա, այսպես ասած, տղայական, ասիական հոգեբանություն էր։ Այսօր մարդիկ շատ ավելի հակված են իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելուն»,- NEWS.am-ին ասաց Վարդգես Գասպարին:
Նրա խոսքով` Հայաստանը ուղղակիորեն դառնում է Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նման երկիր ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ բոլոր հատկանիշներով` տնտեսության զարգացման արգելանքների, մենաշնորհացման և այլն:











