Դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության  շենքի  մոտ  հավաքվել էին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի  հարազատներն ու համագյուղացիները՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ Արայիկ Պետրոսյանի գործի վերաբերյալ առկա իրավիճակը քննարկելու նպատակով (ֆոտոռեպորտաժ):

Նրանք  պահանջում էին անհապաղ ազատ արձակել Արայիկ Պետրոսյանին և դադարեցնել նրա  նկատմամբ քրեական հետապնդումը: 

Արայիկ Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը վստահ է, որ այս  հանցագործությունը բացահայտված չէ: «Մենք պահանջում ենք  օր առաջ բացահայտել  հանցագործությունը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առջև խնդիր ենք դնելու` պարզաբանել ստեղծված իրավիճակը: Արդեն 9 ամիս  ակնհայտ ապօրինի  ձևով կալանավորված  Արայիկ Պետրոսյանն  անմեղ է և որևէ  առնչություն չունի տվյալ սպանության հետ: Այս փակուղուց դուրս գալու միակ ելքը Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեկան  հետապնդումը  դադարեցնելն է»,- ասաց փաստաբանը։

Արայիկ Պետրոսյանի կինը` Հեղինե Թադևոսյանը հայտարարեց, որ չի հեռանա դատախազության շենքի մոտից, մինչեւ ազատ չարձակեն իր ամուսնուն. «Իմ ամուսինը նոր ծնված երեխային անգամ չի տեսել, բայց երեխան իր առաջին բառը ասել է` պապա: Ի՞նչ պատասխան տամ երեխային, ասեմ՝ անմեղ պապայիդ տարել են, պահե՞լ»,- ասաց  նա:

 Դատախազության շենքի մոտ էին նաև կալանավորվածի  ծնողները:  Մայրը` Պետրոսյան Կարինեն,  NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Սկզբում ասում էին, թե  փորձաքննության արդյունքներին են սպասում, իսկ  հիմա պատանդ են պահում երեխուն»։ Հայրը` Արշալույս Պետրոսյանն էլ պահանջում էր, որ գլխավոր դատախազը դուրս գա և հրապարակի հանրությանը, թե ինչ հիմքով են կալանավորել  իր զավակին:

Պաշտպանական կողմն արդեն երրորդ անգամ է դիմում ՀՀ նորանշանակ  դատախազին` պահանջելով հանդիպում, սակայն մինչեւ օրս  որևէ արձագանք չեն ստացել   դատախազությունից: Դատախազությունում այսօր նրան խոստացան, որ առաջիկա օրերին գլխավոր դատախազը կընդունի նրան։

Ակցիայի մասնակիցներն այնուհետեւ գնացին Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակ, որտեղ  մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված նամակ հանձնեցին` ԵԽ պաշտոնյայի ուշադրությունը հրավիրելով  գործին:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները կարծում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։