«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն «Հայաստանի սևազգեստ կանայք» շարժման շրջանակում դեկտեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում «Լուծիր կոնֆլիկտը, փրկիր ընտանիքդ» խորագրով միջոցառում էր կազմակերպել՝ ուղղված ընտանիքներում կոնֆլիկտների խաղաղ հաղթահարմանը:
«Փորձում ենք կոչ անել ընտանիքներին՝ լուծել իրենց խնդիրները հնարավորին խաղաղ և զերծ մնալ բռնություններից: Ցավոք սրտի շատ ընտանիքներ կոնֆլիկտի լուծման մեխանիզմ են ընտրում հենց բռնությունը, մինչդեռ այն կարելի է լուծել զրուցելով, հաշտվելով: Քանի որ մենք ինքներս ենք գտնում դեպքերը, երբեմն, ցավոք սրտի, լինում է էնպես, որ ամուսինը սպանած է լինում կնոջը, և մենք աշխատում ենք նրա ընտանիքի անդամների հետ »,- NEWS.am-ին ասաց ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը՝ նշելով, որ իրենց արագ արձագանքման խումբն այս տարի արձանագրել է 8 բռնության և 6 սպանության դեպք:
Հյուսիսային պողոտայում ցուցադրված էին նաև տեղեկատվական պաստառներ, որոնցում ներկայացված էին կոնֆլիկտների առաջացման հնարավոր պատճառները, դրանց բացասական ազդեցությունն ընտանիքի վրա և հաղթահարման ուղիները :
Իսկ թեմատիկ կերպարները մարմնավորում էին իրավիճակները, որոնցից մեկում զույգերը բաժանվում են, մյուսում՝ փորձում լուծել կոնֆլիկտը, վերջինում՝ լուծում այն: Ակցիայի ընթացքում մասնակիցները նաև անցորդներին տեղեկատվական թռուցիկներ բաժանեցին «Սևազգեստ կանայք» միջազգային շարժման և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:











