Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում այս տարի ծնունդների թիվը ավելացել է՝ ամսական 25-30 ծնունդ, ինչը բավարարում է բաժանմունքի ծախսերը, հետեւաբար բաժանմունքի փակումն ու տեղափոխումը Արմավիր հիվանդանոցի բուժաշխատողների համար անհասկանալի է:

«Ծնունդների թիվը քիչ չէ, մենք ունենք մոտավորապես 10 հազար բնակիչ քաղաքում եւ երեք գյուղ է կցված, դրա հետ հաշվարկելով՝ օրը մի ծնունդ։ Ամսվա կտրվածքով 25, 30, 31 ծնունդ, նայած ամիս: Այդքան ծնունդը եթե հաշվարկում են, բավարարում է մեր ծախսերը՝ աշխատավարձ, տնտեսական ծախսեր, այդ ամենին բավարարում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Ժուժունա Էլիբեկյանը:

Բժիշկը պատմեց, որ այս բաժանմունքը բացվել է 1993թ.,երբ ավելացել է տնային ծնունդների թիվը, այդ տարիներին ծնունդների մակարդակը բարձր է եղել, եւ միայն 2012 թվականին է թիվը նվազել. «Դա էլ կապված չէ բաժանմունքի պայմանների հետ, ընդհանուր ծնելության թիվն է երկրում նվազել։ Բայց անցյալ տարվա համեմատ միտում կա, որ ծնունդների թիվը ավելանում ա, այսօրվա դրությամբ մենք ունենք 266 ծնունդ»։

Ժուժունա Էլբակյանի խոսքով, իրենց բաժանմունքում չորս սենյակ կա, որտեղ կարող են ընդունել 8 հիվանդ, եւ պալատների պայմանները այցելուներին լիովին բավարարում են:

Մարզպետը խոստացել է բաժնի 22 բուժաշխատողներին տեղավորել նոր բացվող էնդրոկրինոլոգիական բաժանմունքում, բայց բուժաշխատողների մեծ մասը դժգոհ է. նոր բաժնում կես դրույքով են աշխատելու:

«Փակում են, էնդրոկրինոլոգիական բաժին են բացում, ու էդքան բուժքույրները աշխատատեղ չունեն, բոլորին կես-կես դրույք են անում, որ էնքան որ երեսուն հազար դրամ ստանանք: Իրանց տաս էդ 30 հազար դրամը, իրանք մեկ օր կապրե՞ն: Կարո՞ղ ա կարի ֆաբրիկա է, փակում են, ուրիշ բան բացում»,- ասաց նորածնային պալատի բուժքույր Առաքելյան Սիրվարդը:

Հիվանդանոցում օրեր առաջ ծննդաբերած Բադալյանն Աննան էլ NEWS.am-ասաց, որ դեմ է որ բաժինը փակեն. երկու անգամ այս հիվանդանոցում է ծննդաբերել եւ որեւէ բողոք չի ունեցել:

«Մեր գյուղից՝ Մրգաշատից, ով որտեղ ուզում ա, գնում ա՝ Արմավիր կամ Մեծամոր, ես նախընտրել եմ Մեծամորում ծննդաբերեմ, ստեղ լավա, անձնակազմն էլ, ամեն ինչ էլ»,- ասաց Աննան:

Մեծամորցիները մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ եթե բաժանմունքը Արմավիր տեղափոխեն, դա նոր խնդիրներ կստեղծի իրենց համար. «Մարդ կա տրանսպորտի հնարավորություն էլ չունի, ո՞վ կարա գնա գա: Սուտ ա, որ ծնունդներ քիչ են լինում: Իմ երեխեն երեք երեխայա ունեցել երեքն էլ ստեղ ա ունեցել»,- ասաց Շողիկ Գեւորգյանը։

Մեծամորցիները չեն հավատում մարզպետարանի  պատճառաբանությանը, թե «Մեծամոր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը փակում են, որովհետեւ ծնունդներ քիչ են լինում, եւ ֆինանսական խնդիրներ կան:

 «Խաբում են, ինչ որ մեկին պետք ա, փակում ա: Եթե անգամ քիչ էին , հիմա վաբշե չեն լինի»,- բողոքում էր Մեծամորի բնակիչներից մեկը:

Բնակիչներից Սիլվա Սարգսյան էլ մտահոգություն հայտնեց, որ ծննդատան տեղափոխումը Արմավիր կարող է ճակատագրական սխալ դառնալ: «Էդ ծննդատուն գալիս են նաեւ ռայոններից, հետո էդ մեր ժողովուրդը ի՞նչ ունեն ձեռքներին, որ մի հատ էլ պիտի ստեղից քշեն Էջմիածին, Երեւան, կամ Արմավիր, մինչեւ հասցնեն՝ եսիմ ինչ կարա լինի»:

Արմավիրի մարզպետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական  բաժանմունքը  վերջին երեք  տարիներին թերծանրաբեռնվածությամբ է աշխատել, ընդունել  է օրական 1-ից պակաս ծննդաբերություն, ինչը  չի փոխհատուցել բաժանմունքի  պահպանման, դեղորայքի,  աշխատավարձի  վճարման և այլ  անհրաժեշտ  ծախսերը: Այդ պատճառով կառավարությունը որոշել է բաժանմունքի գործառույթները փոխանցել  «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին,  որտեղ իրականացված վերանորոգման և վերազինման աշխատանքներից հետո ստեղծվել են ավելի լավ պայմաններ, իսկ Մեծամորի բժշկական  կենտրոնի մանկաբարձական  և  գինեկոլոգիական  բաժանմունքի նախկին բուժաշատողները աշխատանքի կանցնեն իրենց բաժանմունքի տարածքում բացվելիք էնդոկրինոլոգիական  բաժանմունքում։Մարզպետարանից վստահեցրին, որ փոփոխությունների արդյունքում  ոչ մի բուժաշխատող  աշխատանքից  չի  ազատվի: