Դեկտեմբերի 4-ին աշխատանքից ազատել են Երևանի զորամասերից մեկի ավագ խոհարար Ռիմա Ղևոնդյանին` մեղադրելով 5 կիլոգրամ մսի գողության համար: Այս մասին NEWS.am-ին պատմեց տիկին Ռիմայի որդին` Նիկոլայ Ավետիսյանը: Նշենք, որ Նիկոլայը 16 տարեկան է, նրա հետ զրուցել ենք մոր թույլտվությամբ, Ռիմա Ղեւոնդյանը հաստատել է որդու պատմածը։

«Թիկունքի պետ Հակոբ Հակոբյանը մորս ասել էր, որ ջեռոցում միշտ միս պահի սպաների համար, բայց այդ օրը մայրս միսը չէր դրել ջեռոցում»,- ասաց Նիկոլայ Ավետիսյանը՝ ավելացնելով, որ միսը ջեռոցում դրել էր նույն զորամասի խոհարար Արմինե Ծատուրյանը:

Նիկոլայի խոսքով` զորամասի հրամանատար Խումարյան Արտակը, տեսնելով ջեռոցում դրված միսը, մեղադրել է Ռիմա Ղևոնդյանին մսի գողության մեջ: Տիկին Ռիմայի ընտանիքը կասկածներ ունի, որ պատճառը նոյեմբերի սկզբին կատարվածն է.

«Հրամանատարի տեղակալ Խումարյան Արտակը մորս առաջարկել է համագործակցել, որ մայրս իրեն պատմի խոհանոցում կատարվող ամեն ինչի մասին, բայց մայրս հրաժարվել է, ինչի պատճառով հետագա օրերի ընթացքում Խումարյանը անընդհատ սպառնացել է` ասելով քեզ քիչ է մնացել»,- ասաց Նիկոլայը՝ նշելով որ Հակոբ Հակոբյանն էլ, իմանալով, որ լրատվամիջոցները տեղյակ են դեպքի մասին, փորձում է պատմությունը այլ ուղղությամբ շեղել՝ ասելով, թե Ռիմա Ղևոնդյանը սեփական նախաձեռնությամբ է միս պահել ջեռոցում` սպաներին հաճոյանալու համար:

Նիկոլայը պատմեց, որ Ռիմա Ղևոնդյանից Արտակ Խումարյանը պահանջել է պատմել  զորամասի խոհանոցում ավագ խոհարարի և թիկունքի պետ Հակոբ Հակոբյանի գործունեության մասին, որ այդ տեղեկատվությունը տրամադրի հրամանատար Արտակ Տոնոյանին. «Արտակ Տոնոյանը թիկունքի պետ Հակոբ Հակոբյանի հետ խոզի կերի բիզնես էին անում, զինվորների ուտելիքների մնացորդները վաճառելով, և մայրս պետք է ինֆորմացիա տար, թե արդյոք Հակոբ Հակոբյանը չի խաբում Արտակ Տոնոյանին»:

Ռիմա Ղևոնդյանը, Նիկոլայի պատմելով, հրաժարվել է ինֆորմացիա տրամադրել Խումարյան Արտակին և 20 օր անց աշխատանքից ազատման հրաման է ստացել:

Ռիմա Ղեւոնդյանը NEWS.am-ին պատմեց, որ ինքը ջեռոցում դրված մսի հետ կապ չունի և չի պատկերացնում, թե ինչ կկատարվի, եթե կորցնի աշխատանքը. «Ընտանիքում միայն ես եմ աշխատում ու իմ 90 հազար դրամով հազիվ եմ պահում աղջկաս ու տղայիս և տան վարձ տալիս»:

Նիկոլայի խոսքով, այս զորամասի խոհանոցում մոտ մեկ տարի առաջ տեղի էր ունեցել դանակահարություն: Խոհարարներ Արմինե Ծատուրյանը և ոմն Նառա վեճի էին բռնվել և դանակահարել էին միմյանց: «Բոլոր աշխատողներին սպառնացել էին, որ չպատմեն դեպքի մասին ոստիկաններին, այլապես աշխատանքից կազատվեն»,-ասաց Նիկոլայ Ավետիսյանը, նշելով, որ այդ կերպ գործը կոծկել են:

Նիկոլայը դիմում է պաշտպանության նախարարին՝ կատարվածի պատշաճ քննություն իրականացնելու խնդրանքով։