Գառնու հեթանոսական տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը կասեցրել է Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, չնայած հիմքն արդեն գցված է, ավազն ու ցեմենտը՝ շինհրապարակում, իսկ բազմամյա ընկուզենիների տակ արդեն բետոն է արվել: Այս մասին NEWS.am-ին ասաց գյուղապետը:

«Երեք օր առաջ Ռուսաստանից հյուրեր էին եկել, նրանց հետ գնացի Գառնի ու տեսա, որ շինարարություն է գնում, ու արգելել եմ. հիմա այս պահին շինարարություն չի գնում»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ շինարարության թույլտվության համար նոյեմբերի 8-ին իրեն գրավոր դիմել է ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը։ Դիմումի տեքստում, որը NEWS.am-ին ներկայացրեց գյուղապետը, ասվում է, որ բացօթյա սեզոնային սրճարանի նախագիծը պատրաստել է «Մետրոնախագիծ» ՓԲԸ-ն, նախագիծը հաստատվել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում, եւ փորձաքննություն է անցել «Քաղսեյսմշին և փորձաքննություն» ՍՊԸ-ում 2010թ. հուլիսի 29-ին։

Մոտ 20 օր տարբեր մասնագետների հետ խորհրդակցելուց հետո գյուղապետը նոյեմբերի 27-ին մերժել է երկու նախագծերն էլ և արգելել որևէ շինարարություն տաճարի տարածքում. «Ես համաձայնություն չեմ տվել, որովհետև չունեմ համապատասխան մասնագետը ու չգիտեմ` էդ տարածքում պեղումներն արվել են, թե ոչ: Նամակով դիմել եմ նախագծողներին ու պահանջել ներկայացնել քաղաքաշինության, Մշակույթի նախարարության համաձայնությունը»:

Գյուղապետը նշեց, որ պատրաստ է հարցը քննարկել Մշակույթի նախարարության համապատասխան մասնագետների հետ:

Գյուղացիները մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեցին կառուցվող սրճարանի մասին. «Գյուղում մի հատ կաֆե չկա, իրանք տանում ու տաճարի տարածքում են սարքում. հիմա որ ուզեմ էնտեղ գնամ, պիտի մուտքի փո՞ղ տամ»,- դժգոհեց երիտասարդներից մեկը:

Գյուղացիների խոսքով` դեռ 2010թ. նույն վայրում հովանոցներով տաղավարներ էին տեղադրվել, որտեղ հյութ և արագ սնունդ էր վաճառվում:

«Երևի էդ ժամանակ հասկացան, որ ամոթ ա, հազար մարդ ա գալիս ու տեսնում՝ պատմական վայրում կոլա են ծախում: Հանեցին ու հիմա էլ կաֆե են սարքում. դրսից լիքը պաշտոնյա ա գալիս, ու պիտի տեսնի` ոնց են մարդիկ կոֆե խմում կամ խորոված ուտում»,- ասաց տարեց գյուղացիներից մեկը։

Նշենք, որ տաճարի տարածքում գործող հուշանվերների խանութը նույնպես պատկանում է մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ին։