Եվրոպա նշանակում է ոչ թե  նույնասեռականություն, այլ հանդուրժողականություն։ Դեկտեմբերի 6-ին Ազատության հրապարակում հրավիրած բաց հանրահավաքին այս մասին ասաց «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Եվրոպա նշանակում է հարգալից վերաբերմունք մարդու նկատմամբ, Եվրոպա նշանակում է հանդուրժողականություն, Եվրոպա նշանակում է ՆԱՏՕ-ին անդամակցություն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Մինչդեռ Մաքսային Միությանն անդամակցությունը, «ԱԻՄ» առաջնորդի կարծիքով, նշանակում է ստրկացում եւ գաղութացում, իսկ Ռուսաստանից օգնություն ակնկալելը միամտություն է. «Էդ քնձռոտները իրենց բազան չեն կարողանում պահել, Հայաստանի բյուջեից են դրանց վճարում, դրանք պիտի մեզ օգնե՞ն, էդ ողորմելինե՞րը, որ աշխարհի անեծքին են արժանի, նրանք չեն օգնի»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ իր հանրահավաքին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն մասնակցում, Հայրիկյանը ասաց, որ քաղաքական գործիչներն աթոռապաշտ են, եւ միայն աթոռի համար կարող են գալ, խոսել եւ պայքարել:

«Աթոռի ու իշխանության համար կռիվը քաղաքական պայքարի մի մասն է, բայց իշխանության համար պետք է պայքարել իշխանական լծակներին տիրելու և երկիրը կառուցելու համար , իսկ երբ հայրենիքիդ վտանգ է սպառնում, դու պետք է լինես առաջին գծում, իսկ մեր ժողովուրդը ծանր վիճակում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Ի դեպ, նախորդ հավաքի համեմատ, այսօր Հայրիկյանի հանրահավաքի մասնակիցները համեմատաբար քիչ էին` մոտ 50 մարդ:

Հանրահավաքին բացի Հայրիկյանից ելույթ ունեցավ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարուխանյանը եւ անչափահաս, 17-ամյա Վիտալի Գրիգորյանը։