Եվրոպայի տարբեր երկրներում ուժգին փոթորիկը տասնյակ մարդկանց մահվան է հանգեցրել։ Դեկտեմբերի 6-ի տվյալով՝ Շվեդիայում երկու մարդ է զոհվել։ Նրանցից մեկը՝ տարեց մի կին, սառել է իր տան մոտակայքում, մի տղամարդու էլ ճզմել է քամուց տապալված ծառը։
Շվեդիայի տարածքային ջրերում անհետ կորել են ֆիլիպինցի երկու նավաստիներ։ Մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում եւ Դանիայում։
Փոթորկի հետեւանքով կտրվել են էլեկտրալարերը՝ հոսանքազրկելով Լեհաստանի 400 հազար տնային տնտեսություններ։ Շվեդիայում առանց էլեկտրականության է մնացել 50 հազար մարդ։ Գերմանիայում հոսանքազուրկ են չորս հազար շինություններ։ Բացի այդ, հողմը խափանել է կենտրոնական եւ հյուսիսային Եվրոպայի օդային հաղորդակցումը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն։
Շոտլանդիայում փոթորիկը շեղումներ է առաջ բերել գնացքների երթեւեկության ժամանակացույցում։
Գերմանիայում ծառի տապալման հետեւանքով ռելսերից ընկել է ուղեւորատար գնացքը։ Ոչ ոք չի տուժել։
Շվեդիայի հարավում երկաթուղային հաղորդակցումն ամբողջովին դադարեցվել է։ Նիդեռլանդներում 1953թ.-ից ի վեր ջրի մակարդակի առավելագույն բարձրացումն է արձանագրվել, սակայն ամբարտակներն առայժմ դիմակայում են։
Փոթորիկն ուղեկցվում է քամու մինչեւ 63մ/վրկ. ուժգնությամբ պոռթկումներով։ Այն դեկտեմբերի 5-ի առավոտյան մոտեցել էր Շոտլանդիային։ Այնուհետեւ տեղափոխվել էր կենտրոնական եւ հյուսիսային Եվրոպայի այլ երկրներ։











