Երևան-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդի հատվածը չդադարող սողանքի պատճառով շարունակում է քանդվել, իսկ ճամփեզրին գտնվող տները, պարիսպներն ու գազի խողովակները՝ թեքվել:

«Շատ վատ վիճակ ա, սաղ գյուղն ա էս վիճակին. հլը նայի, սաղ բացվել ա իրարից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճամփեզրին առևտուր անող տիկին Կարինեն:

Գյուղում ոչ միայն տներն են թեքվել, այլև հաստաբուն ծառերը: Գետնից բարձր ձգվող գազի խողովակներն այդ հատվածում հավասարվել են հողին:

Տիկին Կարինեն ասաց, որ պետությունը չի փոխհատուցում գյուղացիների վնասները: Շատերը ստիպված հեռացել են գյուղից՝ թողնելով իրենց տները. «Ջահելները գնացել են, իրանց երեխեքին տարել են քաղաքի դպրոց, որը տուն ա առել: Իրանց հարսներին հանել են, ծերերն էլ հո իրանց բաղն ու բախչան չեն թողնի, իրանց տունն ու տեղը ու գնան»:

Գյուղացիները NEWS.am-ին ասացին, որ միայն գյուղամիջով անցնող ճանապարհն են ասլֆալտապատում. պատճառը, ըստ գյուղացիների, այն է, որ այստեղով զբոսաշրջիկներն ու բարձրաստիճան պաշտոնյաները գնում են Գառնի. «Անընդհատ դզում են էս ճամփան, որովհետև Գառնի-Գեղարդի ճանապարհն ա դրա համար»,- նշեց գյուղացիներից Վազգենը: