Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին, որպես Հայաստանի քաղաքացու, վիրավորում է հայ պաշտոնյաների շողոքորթության աստիճանը:
«Դեմքերի ինչ արտահայտությամբ էին դիմավորում, ես չեմ ուզում որ այդպես լինի, Պուտին չէ, ով ուզում է լինի: Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները պիտի արժանապատիվ դիմավորեին և ճանապարհեին, իրենց հայրենի լեզվով խոսեին իրենց երկրում և իրենց գլուխը բարձր պահեին, ավելորդ չծռվեին»,-ասաց Անահիտ Բախշյանը՝ ավելացնելով, որ պաշտոնյաները ավելի մեծ հարգանքի կարժանանային դրանով:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի նպատակներին՝ Բախշյանն ասաց, որ Ռուսաստանի նախագահն իր դիրքերի գերիշխանությունը հաստատեց Կովկասում. «Ռուսական սապոգը Կովկասից չի հեռանալու, ուրիշ բան չխոսեք, չմտածեք»:
Բախշյանը դեկտեմբերի 2-ին ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ է համարում. «Ես վաղուց այդ տեսակ բիրտ ուժ ոստիկանության կողմից չէի նկատել, պարզապես Մաքսային միության հեռանկարները որոշ մարդկանց ոգևորել էր, և իրենք արեցին այն, ինչ իրենք տեսել են Ռուսաստանում»։
Նրա կարծիքով` դեկտեմբերի 2-ի գործողությունները ապացուցեցին, որ ոստիկանների վարքում ոչ մի փոփոխություն էլ չի եղել. «Ես ցավում եմ դրա համար և խնդրում եմ մեր ոստիկանապետին թույլ չտալ նման բաներ, որովհետև ինքը մեր հասարակության մի մասն է, և դիմացինը մեր ժողովուրդն է»:











