«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի եւ կուսակցության անդամ, Երեւանի «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը՝ դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Что? Где? Когда? հեռուսատախաղի դեմ, 200-ից ավելի համախոհ է միացել։ Դատարանից նրանք պահանջելու են պարտադրել հեռուստաընկերությանը կամ խաղ հայերեն վարել կամ ռուսերեն վարելու դեպքում՝ հեռարձակել հայերեն թարգմանությամբ, իսկ այս պահանջները չկատարելու դեպքում դադարեցնել խաղի հեռարձակումը։

«Կազմակերպիչները և հեռարձակողը թքած ունեն ՀՀ Սահմանադրության և լեզվի մասին օրենքին պահանջների վրա և շարունակում են խախտումով հեռարձակել այս խաղը»,- NEWS.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ իրենք խաղի կամ կազմակերպիչների դեմ անձնապես ոչինչ չունեն, բայց ուզում են, որ ՀՀ-ում գործի օրենքը և Սահմանադրությունը. ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի պետական լեզուն հայերենն է և հեռուստաընկերությունների առջև պարտադիր պահանջ է դրվում, որ հայրենական և ոչ հայրենական արտադրության հեռուստահաղորդումները հայկական հեռուստաընկերություներով հեռարձակվեն բացառապես հայերեն լեզվով:

«Քննարկումների սկզբում խաղի կազմակերպիչները սկսեցին ակնարկել, թե ռուսերեն լեզվով հեռարձակումը օրենքի խախտում չէ, որովհետև Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը թույլ է տալիս օտար լեզվով հաղորդումների հեռարձակում ազգային փոքրամասնությունների լեզուներով»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը, նշելով որ չի կարելի նման «գռեհիկ» մեկնաբանություններ տալ օրենքին՝ ասելով, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը ռուսալեզու ազգային փոքրամասնությունների համար է: Սաֆարյանի խոսքով՝ կազմակերպիչները պնդել են, թե հայերեն լեզուն չի բավարարում նման ինտելեկտուալ խաղեր խաղալու համար և ռուսերենով խաղը ավելի գրավիչ է. «Սա ոչ միայն վիրավորանք է հայերեն լեզվին, այլև անամոթության և ցինիզմի գերագույն աստիճանը»:

«Մենք խաղին դեմ չենք, մենք ասում ենք՝ հարգելիներ, հայոց գրականությունից գիտելիքների թեստավորման կենտրոնի 11-րդ դասարանում անցկացված արտաքին գնահատման արդյունքում մեր երեխաների 47%-ը անբավարար են ստանում, սրա համար պետք է մտահոգվեն բոլոր այն մարդիկ, որոնք խաղը խաղում են ռուսերեն»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ հայցադիմումը ուղղված է դատարանում հայոց լեզվի շահերի պաշտպանությանը: