Դեկտեմբերի 6-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի աստիճանների մոտ` ՌԴ նախագահ Պուտինի այցից առաջ տնկված դեկորատիվ եղեւնիները հանելուց հետո մնացած փոսերում 12 նոր եղեւնիներ են տնկել:
Եղեւնիները հանելուց հետո Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Էդգար Իգիթյանը գյումրեցի երիտասարդների անունից բաց նամակ էր գրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` պարզելու, թե ինչու են հանել արհեստական խոտածածկը եւ եղեւնիները:
«Եղեւնիներից բացի նաեւ Թատրոնում լամինատե ինչ որ բան էր, որ բեմը զարդարել էին, բայց Պուտինի հեռանալուց հետո, դա էլ էին տարել հետները, եւ դա ես չկարողացա իմ մեջ պահել եւ որոշեցի դուրս հանել իմ բաց նամակի միջոցով: Ընկերներս նոր ինձ հայտնեցին, որ նոր եղեւնիներ են արդեն տնկել թատրոնի դիմաց ու շատ ուրախ եմ», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Իգիթյանը:
Գյումրու դրամատիկանան թատրոնի փոխտնօրեն Սեյրան Հարությունյանն էլ ասաց, որ թատրոնի մուտքի մոտ եղեւնիներ հանել-դնելուց ինքը որեւէ տեղեկություն չունի: Իսկ լրագրողի այն հարցին, թե տեսել է, որ նոր եւղեւնիներ են տնկում, փոխտնօրենը պատասխանել է, որ լրագրողից տեղեկացավ այդ մասին:
Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գյումրեցիների շրջանում նոր հումոր է տարածվել՝ «Ծո, կըրնա՞ էղնի գան ասֆալտն էլ հավքեն տանին»։















