Գառնու տաճարի դարպասի մոտ տեղադրված առևտրի տաղավարը ձմռան ամիսներին չի գործում. միայն կոնկրետ պատվիրատու ունենալու դեպքում են գաթա ու սուջուխ բերում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյանը. «Մոտ են ապրում այդ կանայք: Եթե պատվեր է լինում, տնից արագ բերում են»։

Չնայած տաղավարում վաճառվում է սնունդ և ըմպելիքներ, որի կողքով նույնիսկ այս սեզոնին բազմաթիվ զբոսաշրջիկներ են անցնում, NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե որքան աղտոտված է տարածքը: Նստարաններին հնամաշ ու կեղտոտ հագուստ է, իսկ հատակին՝ օգտագործված տոպրակներ ու անձեռոցիկներ։

Տաղավար տեղադրելու ծրագիրն իրականացրել է ՄԱԿ-ը։ Նախատեսվում էր նմանատիպ տաղավարներ տեղադրել Ողջաբերդում, Գառնիում և Գեղարդում։ «Սակայն մեծ ֆինանսների հետ էր կապված: Դրա համար էլ որոշեցին մեկը լինի, լավը լինի, ու մեզ մոտ բացեցին»,- ասաց գյուղապետը։