Դեռևս 2012թ. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հրազդանում սկսված ջրագծերի և կոյուղագծերի արդիականացման ծրագրով քաղաքի տարբեր թաղամասերում նոր կոյուղագծերի համար փորված փոսերն այդպես էլ չեն ծառայել իրենց նպատակին. ոչ կոյուղագծերն են փոխում, ոչ էլ գոնե փոսերը լցնում։
Կոտայքում NEWS.am-ի թղթակիցն այցելել է Նոր Մաքրավան թաղամաս, որտեղ բակի ամբողջ երկայնքով շուրջ 2 ամիս առաջ փորել են հողը և հեռացել։
Այդ թաղամասի միակ բնակելի տան ապրողները ստիպված հարևանի բակով են անցնում, ինչից սկսել են դժգոհել հարևանները, եւ տան բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում։ Նրանք մեր թղթակցին պատմել են, որ «Ջրմուղկոյուղու» թեժ գծին բազմաթիվ ահազանգերը ոչ մի արդյունք չեն տվել։
«Եթե այս տարի չեն անցկացնելու ջրագիծ, գոնե փոսը լցնեն, մենք ճանապարհ ունենանք,էսպես ինչքան դիմանանաք»,- դժգոհել են բնակիչները։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փորված ու լքված փոսերը համատարած գլխացավանք են դարձել Հրազդանում։ Հրազդանցիներն ասում են՝ ավելի լավ է՝ հին կոյուղիները չփոխեին, քան «մի դարդը երկու դարձնեին»։











