Երեւանում տեղացած ձյունը, որը երեխաներին ուրախություն է պարգեւել, մեծահասակների համար, ինչպես եւ սպասվում էր, գլխացավանքի հերթական պատճառն է դարձել:

Վերջին տարիներին արդեն օրինաչափություն դարձած կանոնը հաստատվեց նաեւ այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան. Երեւանի տրանսպորտի զգալի մասը դուրս չի եկել աշխատանքի: Արդյունքում կանգառներում մարդկանց կուտակումներ են, իսկ գիծ դուրս եկած տրանսպորտային միջոցները երթեւեկում են խցկված, դժվարություններ կան տաքսի պատվիրելու հարցում: Մասնավորապես տաքսիները չեն բարձրանում Նոր Նորք եւ Ավան:

Հատկանշական է, որ ավելի վաղ հասարակական տրանսպորտի ծառայություններ մատուցող ընկերությունները հայտարարել էին, որ կդադարեցնեն աշխատանքը հենց որ ձյուն գա: Նրանք դա հիմնավորել էին «ձմեռային անվադողեր գնելու անհնարինությամբ»: Տրանսպորտի ոլորտում աշխատող ընկերությունները փորձել են դրանով «ապացուցել» ուղեվարձի թանկացման անհրաժեշտությունը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am