Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման նպատակն իշխանափոխության հասնելն է. «Սերժ Սարգսյանն ու իր թիմը, որոնք երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն են, այլեւս չեն ունենալու այսօրվա կարգավիճակը»,- հայտարարեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի՝ դեկտեմբերի 9-ին կայացած մամուլի առաջին ասուլիսում։

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը՝ Փաշինյանն ասաց. «Շատ ճիշտ կլինի, որ մենք յուրաքանչյուր դեպքում հստակ ձեւակերպենք, թե ինչ ենք հասկանում համագործակցություն ասելով։ Եթե հստակ ձեւակերպենք մեր խնդիրները, ապա պատկերացումների համընկնման դեպքում կքննարկվի քաղաքական համագործակցությունը։ Կարեւոր է, որ համագործակցությունը տեղի ունենա բոլորին տեսանելի տեքստերի, անելիքների շուրջ եւ տարընթերցումների տեղիք չեն տա»։

Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն պահանջելու որեւէ բան զուտ պահանջելու համար.

«Կարեւորը մարդկանց պարտության չտանելն է, քաղաքացիների յուրաքանչյուր պարտություն ավելի է խորացնում հուսախաբությունը»։

Փաշինյանи խոսքով՝ կառավարման խորհուրդը կոլեգիալ մարմին է, չունի առաջնորդ և որոշումները կայացվում են կոնսենսուսով: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կձևավորվեն քաղաքացիական պայմանագրի մյուս մարմինները` քաղաքացիական պայմանագրի վերադարձի հիմնադրամը, կենտրոնական գրասենյակը, տարածքային կառավարման մարմինները ՀՀ-ում և սփյուռքում:

Կառավարման խորհրդի առաջին քայլը լինելու է առաջիկայում քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովի հրավիրումը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am