Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, դեկտեմբերի 4-ին, հայտնաբերել եւ քննությանն են ներկայացրել Կարեն Ն.-ին, որը խարդախություն կատարելու համար նոյեմբերի 28-ին հետախուզվում էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքի կողմից:

Նախաքննության համաձայն՝ Կարեն Ն.-ն հոկտեմբեր-նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով, մի քանի քաղաքացիներից վերցրել էր 30-90 հազարական դրամ եւ խաբեությամբ չարաշահելով նրանց վստահությունը, տիրացել գումարին:

Նախաքննությունը շարունակվում է:

Բացի այդ, այս տարվա մայիսի 1-ին Մոսկվայում ձերբակալվել եւ դեկտեմբերի 5-ին Հայաստան է տեղափոխվել Կիմ Գ.-ն, որն անցյալ տարվա սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից:

Նա 2012-ի մայիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Չեխովի փողոցի տներից մեկում վիճաբանել էր ընկերուհու հետ եւ ատրճանակի գործադրմամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել 3 հազար դոլար:

Նույն ամսվա ընթացքում Երեւանի Նոր Խարբերդ թաղամասի մի բնակչից 17 հազար դոլարով գնելու պատրվակով վերցրել է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան եւ խաբեությամբ տիրացել մեքենային:

Բացի այդ, նույն տարվա հունիսին ԼՂՀ մեկնելու պատրվակով վերցրել էր նույն ընկերուհու «Հունդայի» ավտոմեքենան եւ 3300 դոլարով վաճառել:

Կիմ. Գ.-ն կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: