Երկրում ստեղծվել է իսկական հեղափոխական «սիտուացիա». վերևներում հին ձևով կառավարել չեն կարող, ներքևներում այլևս հին ձևով գոյատևել չեն ուզում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

«Իշխանափոխությունը սարերի հետևում չէ և մինչև մայիս քնած սոցիալական հրաբուխը կժայթքի»,- ասաց  Հայաստանի գլխավոր մարքսիստը:

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ իշխանափոխությունը շատ մոտ է՝ ընդամենը «մի կատվի ցատկ», և հարց է՝ այն վերևի՞ց կլինի, թե՞ ներքևից. «Ես կարծում եմ՝ խելացի կլինի իշխանափոխությունը կազմակերպել վերևից, նոր պառլամենտական ընտրություններ հայտարարել, նոր կառավարություն ձևավորել,և դրանով փրկել նախագահական գահը, իսկ ներքևից իշխանափոխության դեպքում դա կլինի ծանր քաղաքական կատակլիզմ»:

Գլխավոր մարքսիստի կարծիքով՝ եթե նույնիսկ քաղաքական կատալիզատորներ հանդիսացող լիդերներ չկան, ապա այդ լիդերները կծնվեն. «Եթե ոչ ոք չլինի, ապա ես կամ ու կամ»:

Դավիթ Հակոբյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց երկրի ներքին դրությանը. «Սա ամենակարևորն է՝ ծառացած պետության, պետականության և հայ ժողովրդի առաջ, որովհետև եթե որոշ լրատվության սպասավորներ կարծում են, որ Ռուսաստանը կարող է փրկել վիկինգների գահը, ապա ես կարծում եմ, որ ոչ մի Ռուսաստան չի կարող փրկել վիկինգների գահը, եթե նրանք չսկսեն ինքնուրույն տնտեսական քաղաքականություն»:

Դավիթ Հակոբյանը հիշեցրեց, որ իրենք մշակել են նոր տնտեսական քաղաքականություն, որը, սակայն, մատնվեց անուշադրության:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am