Մարքսիստական կուսակցության առաջնորդը առաջարկում է գույքային ընտրական ցենզից անցնել ինտելեկտուալ ցենզի և դրանով ապահովել Սահմանադրության պահանջները, որ «մեր պառլամենտը կթվորների, չոբանների և կարտոֆիլագործների պառլամենտ չէ», այլ պրոֆեսիոնալ է: Այս մասին Հայաստանի գլխավոր մարքսիստն ասաց դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում։
«Հատկապես պառլամենտական ընտրությունների ժամանակ պարտադիր հավակնորդներին տեղամասերում գրանցելուց առաջ 3 առարկայից մինիմումներ հանձնել՝ համաշխարհային առաջավոր քաղաքակրթությունների պատմություն, երկրորդը՝ համաշխարհային տնտեսագիտություն՝ հասարակագիտություն և հռետորություն»,- ասաց գլխավոր մարքսիստը:
Գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը կարծում է , որ ընտրական իրավունքը այլեւս անհարիր է, և ոչինչ տալ չի կարող բացի ձևավորությունից և խաբեբայությունից, և հարկավոր է սկզբունքորեն նոր ընտրական իրավունք: Նրա խոսքով՝ 1999թ. փետրվարին «երկրապահների կողմից հորինված ամենահակաժողովրդական ընտրական իրավունքը» այսպես կոչված «կոսմետոլոգիայի պրիոմներով» մատուցել կատարյալ հիմարություն է:
Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ընտրական իրավունքը պետք է լինի պարտադիր. «Ինչքան էլ ընտրացուցակները ձևավորենք, ձևափոխենք, հրապարակայնությունը ապահովենք և դրանք ճշգրիտ դարձնենք, միևնույն է՝ ընտրողների 2/3-ը մնում պասիվ էլեկտորատ: Այն ամենահանցագործ էլեկտորատն է, որը չգալով ընտրարկղի մոտ, չկատարելով իր քաղաքացիական պարտքը սողանցքներ է թողնում խեղաթյուրումների համար»:
Մարքսիստի խոսքով ՝ ընտրության չգնացող քաղաքացուն պետք է համարել պետական հանցագործներ, որոնք բոյկոտում են պետության ձևավորման գործընթացը, տուգանել մեծ գումարներով կամ քաղաքացիությունից զրկել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











