Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին տեսաուղերձ է տարածել, որտեղ աջակցել է Ուկրաինայի ընդդիմության կողմնակիցներին:

Դերասանի տեսաուղերձը տեղադրված է YouTube-ի Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկոների, ինչպես նաեւ ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» խմբակցության ալիքներում:

Տեսանյութում Քլունին նշում է, որ ուկրաինացի ժողովուրդը պայքարում է, որպեսզի առաջ ընթանա, ոչ թե հետ նայի»: Նա նշում է մի քանի պայմաններ, որոնք խոչընդոտում են Ուկրաինայում ժողովրդավարության կայացմանը՝ անարդար ընտրություններ, ցուցարարների կալանավորումներ ու բռնություններ: Դերասանը հիշեցրել է քաղբանտարկյալների մասին, նշելով նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի անունը:

Ջորջ Քլունին ընդգծել է ցուցարարների համարձակությունը եւ նրանց խաղաղություն ու անվտանգություն ցանկացել: Նա մաղթել է, որ ուկրաինացի ժողովուրդն ունենա այն կառավարությունը, որն իսկապես ուզում է, հաղորդում է Forbes.ru-ն:

Նշենք, որ Ջորջ Քլունին, հանդիսանալով ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, իր ելույթներում հաճախ դատապարտում է ոչ ժողովրդավարական ռեժիմները, այդ թվում Սուդանի նախագահ Օմար Բաշիրի ռեժիմը, որը մեղադրվում է Դարֆուրում ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մեջ: