Համացանցում հայտնվել են Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիզ Բարըշի եւ Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանի ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդի տեսագրությունն ու լուսանկարները։

«Բարեկամս, ես երբեք չեմ մոռանա քեզ եւ մեր ռեկորդը»,- Հովհաննես Աջինյանի ֆեյսբուքյան էջի պատին գրել է թուրք դերասանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ձեռքսեղմումը սկսվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 20:40-ին, Կուրի ափին գտնվող Ռիկե այգում. նրանք այդ դիրքում են գտնվել ուղիղ 43 ժամ:

Աջինյանն ու Բարըշը միմյանց ձեռք բաց չէին թողնում, երբեմն միասին նստում էին բեմին դրված աթոռներին: Ժամանակ առ ժամանակ կազմակերպիչները նրանց թեյ էին հյուրասիրում ու շոկոլադ, այդ ընթացքում դերասանները շարունակում էին ձեռքերը սեղմած պահել, զրուցում էին, նույնիսկ պարում։

Աշխարհի ամենաերկար ձեռքսեղմումն ավարտվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:40-ին:

Կազմակերպիչների խոսքով՝ Վրաստանը միջոցառման անցկացման վայր էր ընտրվել որպես տարանցիկ գոտի ու «կապող օղակ այս պահին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարեւոր դերի համար»։