Շենգավիթ և Էրեբունի համայնքների նորակոչիկները դեկտեմբերի 9-ին Հանրապետական հավաքակայանում անցել են բուժզննում և լրագրողների ներկայությամբ մասնակցել վիճակահանության:
Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ մայոր Լևոն Մնացականյանը լրագրողների հետ շրջել է սենյակներով և ծանոթացել զորակոչի ընթացքին:
Մինչեւ բանակ զորակոչվելը բժշկական հանձնաժողովի նախագահը զրուցել է տղաներից յոյրաքանչյուրի հետ, պարզել նրանց ընտանեկան կարգավիճակը, ազգությունը, ու այլ մանրամասներ, այդ թվում՝ դաջվածք ունեն, թե ոչ:
Այնուհետև նորակոչիկներն անցել են բուժզննում. եթե նախկինում հավաքակայանում նրանք ամբողջական բուժզննում էին անցնում, ապա այսօր բժիշկները միայն նորակոչիկների ջերմությունն են չափում ու պատվաստում. խորը հետազոտություն նրանք անցել են իրենց զինկոմիսարիատներում։
2013թ. ձմեռվանից նորակոչիկները վիճակահանությամբ են որոշում, թե որտեղ են ծառայելու: Ընթացքին կարող են հետևել տղաների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Վիճակահանության արկղի մեջ 22 քաղաքի անվանում է: Նորակոչիկների մի մասն ուրախ է հեռանում սենյակից` իմանալով, թե որ զորամասում է ծառայելու:
Տղաներն իրենց հետ տանում են սնունդ, հիգիենայի պարագաներ. «Գրիլ, մանդարին, կոնֆետ, ատամի մածուկ, սիգարետ, զաժիգալկա, հացի մեջ էլ հեռախոս եմ կոխել, չեն ջոկել» ,- կատակեց նորակոչիկներից մեկը, որի ավտոբուսը վայրկյաններ անց ուղեւորվեց Վայք։











