«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակարանատերերը դեկտեմբերի 10-ին հավաքվել են Կենտրոնական բանկի մոտ եւ պահանջում են, որպեզի ԿԲ-ն վերահսկողություն սահմանի «Արցախբանկի» գործողությունների նկատմամբ, որոնք բնակարանատերերն անվանում են ապօրինի։

Երկու տասնյակից ավելի մարդիկ ԿԲ նախասրահում առավոտյան 10։30-ից սպասում էին, որ իրենց ընդունի ԿԲ ներկայացուցիչներից որեւէ մեկը։

 Ժամը 11։00-ին նրանցից չորսին հրավիրեցին հանդիպելու ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանի հետ։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ բնակարանատերերը ներխուժել էին «Արցախբանկ» պահանջելով ավարտին հասցնել իրենց բնակարանների կառուցումն ու հանձնել իրենց սեփականության վկայականները։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։