Երեւանի Նոր Նորքի զանգվածում ոչ մի փողոց և մայթ չի մաքրվել. դեկտեմբերի 8-ին տեղացած առատ ձյունը սառույցի է վերածվել ոչ միայն բակերում, այլև կենտրոնական փողոցներում:
Մարդիկ խողովակներից, ճաղավանդակներից բռնված մի կերպ իջնում են Գայի պողոտա՝ ճանապարհի վրա մի քանի անգամ շատ ժամանակ ծախսելով։
Երեկվանից շատ տրանսպորտային միջոցներ այդ շրջանում չեն գործում. 2-րդ զանգվածի հանրակացարան հասնող 55 համարի երթուղայինն արդեն երկու օր ուղղակի չի աշխատոմ, իսկ 38 համարի ավտոբուսը գործում է ժամը մեկ անգամ:
Երթուղայինների չաշխատելը մեծ կուտակումներ է առաջացրել կանգառներում:
«Մարդ էլ ժամը 8-ին տնից դուրս գա, որ ժամը 9.30 դասի հասնի ու էլի ուշանա»,- NEWS.am-ին բողոքեց ուսանողներից մեկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել էր երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության եւ խստորեն նախազգուշացնել կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները՝ գիծ դուրս բերելով բոլոր տրանսպորտայն միջոցները։
Նույն օրը քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Երեւանում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետեւանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից եւեթ սկսվել եւ շարունակվում են քաղաքի փողոցների եւ մայթերի, ինչպես նաեւ բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։











