Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հավաքվել են Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համակիրները, ժամը 13։00-ին սկսվելու է ավանդական դարձած երթը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան (ֆոտոռեպորտաժ)։
Նրանք հրապարակ են եկել եռագույն դրոշներով եւ «Ո՞ւր են Մարտի 1-ի մարդասպանները», «Ոչ ոստիկանական բռնություններին», «Առաջ դեպի ԱնՍերժ Հայաստան» գրությամբ պաստառներով։ Սպասվում է, որ երթի ընթացքում կհնչեն նաեւ ելույթներ։ Ժամը 13։00-ին Ազատության հրապարակ եկան ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը։ Երթի կազմակերպիչներից է նաեւ Ազատամարտիկների խորհուրդը։
Ազատության հրապարակում են նաեւ նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ բախումների հետեւանքով ձերբակալված Շանթ Հարությունյանին եւ նրա համակիրներին սատարողները՝ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ։ Նրանք հրապարակ են եկել Գայ Ֆոքսի դիմակներով, սեւ եւ կարմիր ժապավեններով բերանները փակած, կարմիր ու սեւ դրոշներով։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում մեծ թվով ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ կան։ Մարդկանց թիվը գնալով մեծանում է։
Այստեղ է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որ երթին հրավիրում է բոլոր կոնկրետ խնդիրներով՝ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ, ուղևորափոխադրումների գնի աճի դեմ, գազի գնի աճի դեմ, էկոլոգիական խնդիրերի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին:
Երթի իրազեկումը ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ 258 որոշմամբ:
















