ՀԱԿ-ը 13։30-ին սկսեց մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթը դեպի Եվրախորհրդի գրասենյակ՝ հանձնելու ՀԱԿ-ի 6 կետից բաղկացած բանաձեւը, որով միջազգային հանրությանը կոչ են անում աչք չփակել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման վրա եւ ՀՀ իշխանություններին ստիպել կատարել իրենց միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ 

«Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին պայքարել հիմնարարար ժողովրդական իրավունքների համար եւ միասնական ջանքերով ազատվել բռնապետերից, կոչ ենք անում միջազգային հանրությանը համարժեք միջոցներ կիրառել, որ ՀՀ իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները իրավունքների պաշտանության բնագավառում»,- երթից առաջ հայտարարեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։

Զուրաբյանը տեղում քվեարկության դրեց բանաձեւը, որն ընդունվեց հավաքվածների միաձայն «կողմ» ձայներով։

Երթի մի քանի հարյուր մասնակիցները ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ, թմբուկներով, պաստառներով ու դրոշներով այժմ Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի ԵԽ գրասենյակ։ Երթուղին այսպիսին է՝ Մաշտոցի պողոտա, Մյասնիկյանի արձան, Իտալիայի դեսպանատուն,Վազգեն Սարգսյան փողոց, Ազատության հրապարակ։ Նրանք վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Դուրս արի փողոց», «Պահանջում եմ Սերժի հրաժարականը»։ Երթի կազմակերպիչներից է նաեւ Ազատամարտիկների խորհուրդը։

Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը դադարեցված է։ Պողոտայում հոծ գծի երկայնքով մի քանի շարքով կանգնած են ոստիկանները, նրանց թիվը գնալով ավելանում է:

Երթի վերջում Շանթ Հարությունյանի շապիկներով ու Գայ Ֆոքսի դիմակներով քայլում են նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի համակիրներն ու որդին՝ Շահեն Հարությունյանը, որոնք պահանջում են ազատել Շանթ Հարությունյանին եւ մյուսներին։

Նրանք իրենց հետ մեծ սեւ պաստառ են բերել՝ «Նվաճիր իրավունքդ» գրությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։