Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից մեկնարկած՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ՀԱԿ-ի կազմակերպած բողոքի երթի մասնակիցները՝ հասնելով Նալբանդյան փողոցում գտնվող ВТБ բանկ՝ սկսեցին սուլել եւ միջնամատ ցույց տվեցին բանկի ուղղությամբ եւ վանկարկեցին «Թեղուտ, Թեղուտ»։ (ֆոտոռեպորտաժ)

Հիշեցնենք, որ ВТБ բանկը ֆինանսավորում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող ACP ընկերությունը։

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումները վերացնելու եւ իշխանությունների հրաժարականը պահանջող կոչերից բացի երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «ազատություն հայ ոստիկանին», «ոստիկանը մերն է, բայց Պուտինի ձեռն է»՝ նշելով, որ ոստիկանները կամակատարներ են եւ ծառայում են ոչ թե հանրությանը, այլ «հանցագործ իշխանություններին»։

Երթի մասնակիցները «Ոչ բռնապետական ռեժիմին» «Նվաճիր իրավունքդ» եւ այլ գրությամբ պաստառներով այժմ վերադառնում են Ազատության հրապարակ, որտեղ ավարտելու են այսօրվա երթը։