«Եվրոպա, Հայաստան» վանկարկումներով դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ ՀԱԿ-ի կազմակերպած երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ, որտեղից սկսվել էր երթը։
ԱԺ «ՀԱԿ» պատգամավոր Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ նշելով, որ իրենց շարքերում այսօր ամենատարբեր խնդիրների դեմ պայքարողներն էին. «Տաքսիստները, օդաչուները, պարտադիր կուտակայինի դեմ պայքարողները, զոհվածների ծնողները, ազատամարտիկները, բոլոր նրանք, ովքեր համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են»։
Նա հիշեցրեց, որ 65 տարի առաջ ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների դեկլարացիան, որը դարձավ օրենք բոլոր երկրների համար, որի վրա հետագայում բոլոր երկրները կառուցեցին իրենց Սահմանադրությունը, «մարդու իրավունքների հռչակագիրը դարձավ Աստվածաշունչ», որով սահմանվում է, որ մարդն Աստծո զավակն է՝ անկախ ռասսայից, կրոնից եւ այլն։ «Մարդու իրավունքներն ամենաբարձր արժեքն են մեզ համար, բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր հավաքվել են այստեղ։ Մենք պայքարում ենք բոլորի իրավունքների համար, բոլոր քաղաքական ուժերի, ատամնաբույժների, ոսկերիչների, թոշակառուների, կարմիր գծի դեմ պայքարողների իրավունքների համար»,- հայտարարեց Արամ Մանուկյանը եւ դիմելով տարբեր բնագավառներում պայքարող խմբերին՝ միասնության կոչ արեց՝ նշելով, որ առանց համախմբվածության ոչ մեկի հաջողությունը երաշխավորված չէ. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ էս իշխանությունները չհեռանան։ Էս երկրում մեր իրավունքները ոտնահարող մի հիմնարկ կա, դա Բաղրամյան 26-ն է։ Էդ մարդուն ասենք՝ քո երկիրը էս չի, դուրս արի գնա, էս երկիրը մարդու իրավունքը պահողինն է։ Եվ եկող իշխանությունն էլ պարտավոր է հարգել մարդու իրավունքները։ Բոլորս թիկունք կանգնած, ուս ուսի տված, տեր կանգնենք մեր իրավունքներին։ Ոչ մի Եվրոպա չի պաշտպանի մեր իրավունքները, եթե մենք դա չանենք»։
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ վերջին տասն ամսվա ընթացքում Հայաստանից 247 հազար մարդ է հեռացել եւ հավաքվածներին կոչ արեց պահել իրենց հարազատներին, թույլ չտալ, համոզել, որ չհեռանան երկրից, պայքարեն այդ մարդկանց իրավունքների համար։ «Արտագաղթն է մեր ամենամեծ թշնամին»,- հայտարարեց պատգամավորը։
«ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, որ դեկտեմբերի 10-ի երթի կարեւոր արդյունքն այն էր, որ հավաքվելով «այս վճռականությամբ, այս էներգիայով» իրենք ջախջախեցին «իշխանությունական քարոզչամեքենայի վերջին մի քանի ամիսների ջանքերը՝ ցույց տալու, թե իբր իրենց դիմադրության ուժը սպառվել է»։
«Մեզ թաղեցին, փորձեցին համոզել, որ դիմադրութան շարժումը Հայաստանում սպառված է։ Իշխանության քարոզչամեքենան կարող էր խաբել շատերին, բայց մենք այսօր ապացուցեցինք, որ դա այդպես չէ։ Ահա, դե ստացեք հիմա»,- ասաց պատգամավորը։
Երթը Լեւոն Զուրաբյանն անվանեց փայլուն արդյունք, որը ճանապարհ է բացում իրենց ապագա գործողությունների համար։
«Շնորհավորում եմ բոլորիդ, փայլուն, մեծ գործ եք կատարել հանուն ժողովրդավարության, հանուն նրա, որ Հայաստանը նորից ստանա լեգիտիմ իշխանություն»,- ելույթը եզրափակեց Զուրաբյանը՝ վանկարկելով՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթը մեկնարկեց դեկտեմբերի 10-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակից։ Երթի մասնակիցները ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ քայլեցին դեպի ՀՀ-ում ԵԽ գրասենյակ, որտեղ 6 կետից բաղկացած նամակ հանձնեցին ԵԽ ներկայացուցչին։
Նամակում,մասնավորապես, հայ ժողովրդի եւ ՀԱԿ-ի անունից կոչ էր արվում ԵԽ-ին աչք չփակել ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումների վրա եւ ՀՀ իշխանություններին պարտադրել կատարել իրենց միջազգային պարտավորությունների մարդու իրավունքների բնագավառում։
Երթն անցել է առանց լուրջ միջադեպերի։ Ամբողջ ընթացքում երթին հետեւում էին մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։
Երթի կազմակերպիչներից էր նաեւ Ազատամարտիկների խորհուրդը։ Գայ Ֆոքսի դիմակներով եւ նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ բախումների հետեւանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի պատկերով շապիկներով երթին մասնակցում էին նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ համախոհները, որոնք պահանջում էին ազատել ձերբակալվածներին։











