Երևանի Շիրվանզադեի 33/19 շենքի նկուղում տեղի ունեցած դեկտեմբերի 11-ին, ժամը 10:23-ին, գազի կուտակման հետևանքով տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ պարզ չէ։ Դեպքի վակրում աշխատում են ԱԻՆ մասնագետները եւ ոստիկանները, որոնք փորձում են պարզել, թե ինչ գազի կուտակման հետևանքով է եղել պայթյունը։

Պայթյունի հետեւանքով վնասվել են նկուղային հարկից դուրս եկող երկու դիտահորերը։

Դիտահորերի տարածքը ժապավեններով մեկուսացվել է, ոստիկանները հեռացնում են մարդկանց՝ զգուշացնելով, որ վառած ծխախոտով դիտահորերին մոտ չգան։

ԱԻՆ Արձագանքման խմբի պետ Անդրանիկ Մովսիսյանը NEWS.am-ին ասաց, որ «ԱրմենՏել» ուսանողական կենտրոնի աշխատակիցը առավոտյան աշխատանքի գալով, վառել է լույսը, ինչից անմիջապես հետո պայթյուն է լսվել:

«Գազի կուտակումից թեթև պայթյուն է եղել, թե ինչ գազ է՝ ճշտվում է»,- ասաց Անդրանիկ Մովսիսյանը:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԻՆ աշխատակիցները «ԱրմենՏելի» աշխատողներին եւ հարակից շենքի բնակիչներին խնդրել են դուրս գալ բնակարաններից: