Վրացական ընդդիմությունը պահանջել է խորհրդարանական մեծամասնությունից դատապարտել Կիեւում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն ու աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցներին: Հատուկ համապատասխան հայտարարություն ընդունելու պահանջով ելույթ է ունեցել ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Բարամիձեն:

Առաջարկին ի պատասխան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պահանջել են քաղաքական գնահատական տալ «Միացյալ ազգային շարժման» կողմից Թբիլիսիում 2007 եւ 2011թթ. Ընդդիմության ակցիաների ցրմանը: Իր պատասխան ելույթում մեծամասնության ներկայացուցիչ Սոսո Ջաչվլիանին Բարամիձեին հիշեցրել է Սվանեթիում կատարված հատուկ գործողության մասին: Ջաչվլիանին նաեւ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Բարամիձեի հասցեին: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել:

Միջադեպից հետո ընդդիմության ներկայացուցիչները հրապարակային ներողություն են պահանջել: Ջաչվլիանին ներողություն է խնդրել հեռուստադիտողներից եւ ընտրողներից, բայց ասել է, թե Բարամիձեն ավելի կոշտ գնահատականների է արժանի: